Հասարակություն

«Հիվանդաբուժությունից անցում առողջության պահպանմանը». Անահիտ Ավանեսյանը՝ ռազմավարության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ կառավարության նիստում ներկայացվեց առողջապահության համակարգի՝ 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու որոշման նախագիծը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ ռազմավարությունը երկու հիմնական ուղղություն է թիրախավորում. «Առաջինը առողջությանն ուղղված ոլորտն է, առողջության բարեփոխմանն ուղղված հիմնախնդիրներն ու դրանց լուծումները և առողջապահական համակարգի հիմնախնդիրներն ու դրանց լուծումները։ Մեր ռազմավարության հիմնական նպատակն է բարելավել բնակչության առողջության պահպանումը և շեշտադրումը փոխել հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում, բարելավում, կյանքի միջին տևողության աճ և կյանքի որակի բարելավում։ Սրանք շատ կարևոր հայեցակարգային փոփոխություններ են, որ, մեր կարծիքով, օգնելու են, որ առողջապահությունն ուղղված լինի ոչ միայն այն խնդիրներին, որ վրա են հասել, այլ նրան, որ ծնված օրվանից հոգ տանենք մարդու առողջության պահպանման մասին, առողջությանը վերաբերենք որպես կարևորագույն ռեսուրս, և ամբողջ համակարգն այնպես կառուցված լինի, որ աջակցի այդ ռեսուրսի պահպանմանը»։