Հասարակություն

Ո՞ր ոլորտներում է ՀՀ-ն նահանջել կոռուպցիայի ընկալման ցուցիչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ կառավարության նիստին «Transparency international» հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեկնաբանել է կոռուպցիայի ընկալման ցուցիչում ՀՀ նահանջը։

Ըստ նրա՝ այդ նահանջը վիճակագրորեն զգալի չէ. «Քանի որ վիճակագրական մեթոդներ են օգտագործվում, սրանք ստանդարտ սխալներ են։ Երբ նայում ենք, տեսնում ենք՝ նահանջը մեծ չէ։ Դրանք ստանդարտ սխալի սահմաններում են, և իրավիճակը լուրջ չէ։ Բայց անհանգստանալու կարիք կա, քանի որ 3 միավոր նահանջը քիչ չէ, մանավանդ, եթե այս տարվա ստանդարտ սխալը 2.47 էր»։

Խոսելով պատճառների մասին՝ Հոկտանյանը նշեց, որ չէր ուզենա ընդհանրացումներ անել կամ առանձին ոլորտներ վերցնել ու դրանց մասին խոսել. «Սա ընդհանուր վիճակն է ցույց տալիս, և 6 աղբյուրները, որ ՀՀ համաթիվը հաշվելիս օգտագործվել է, առավել մեծ նահանջ գրանցվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրության արդյունքում։ Դրանք հիմնականում երկու տիպի հարցեր են․ առաջինը՝ բիզնեսը, թե որքան ապօրինի վճարներ են կատարում պետական տարբեր ծառայությունների՝ հարկային, մաքսային, լիցենզիաներ, կոմունալ վճարներ։ Երկրորդ հարցը, որ նայում են, այն է՝ որքանով են հանրային միջոցներն ապօրինաբար ուղղվում  մասնավորին։ Սովորաբար, դա գնումների և այլ գործընթացների ոլորտն է, երբ տեղի է ունենում հանրային միջոցների օգտագործում, այստեղ նաև միջնորդավորված երևում է «պետության զավթում» երևույթը»։ 

Ըստ Հոկտանյանի՝ խնդիր կա նաև դատական ոլորտի հետ. «Նշված է դատական իշխանության անկախության խնդիրը, իրավապահ մարմինների բարեվարքության խնդիրը, զսպումների և հակակշիռների հետ կապված խնդիրները, որոնք անուղղակի կապված են սրա հետ, երբ օրենքների և կառավարության որոշումների ընդունումը տեղի են ունենում որոշ խմբերի օգտին»։