ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե դիզվառելիքի ներկրման հետ կապված լրացուցիչ դժվարություններ են առաջացել․ «Ռուսաստանի դեմ նավթամթերքի սանկցիան մտել է ուժի մեջ, և դա մեր տնտեսվարողների համար նոր բարդություններ է առաջացրել։ Սանկցիաների խնդիրն այնպիսի փուլերով է առաջ գնում, որ դժվար է պատկերացնել՝ երբ վերջնական լուծում կունենանք»։
Քերոբյանը վստահեցրել է, որ իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ ուղղությամբ, և այս ընթացքում աճել է լաստանավային հաղորդակցության կարևորությունը։
Խոսելով բենզինի և դիզվառելիքի սակագների վրա ՌԴ նկատմամբ կիրառված սանկցիաների հետևանքների մասին՝ Քերոբյանը նշել է. «Եթե չկարողանանք լուծել անխափան մատակարարման հարցը, գները, մեծ հավանականությամբ, կբարձրանան։ Բայց այսօր մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ, որ պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչի՝ դիզվառելիքի պակաս Հայաստանը չունենա»։