Հունվարի 29-ին հրապարակվել էր որ դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 27-ամյա Գուրգեն Արսենյանը: Քննչական կոմիտեում այս կապակցությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել
ՀՀ Քննչական կոմիտեից Radar Armenia-ն տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Գ․ Արսենյանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ կացին և մեկ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ:
Կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Գ․ Արսենյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թվով 1 հատ դանակի և թվով երկու հատ կացինների՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար նշանակվել է քրեագիտական փորձաքննություն։ Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն հանդիսանում։ Իսկ դանակը պատրաստված է գործարանային եղանակով, հանդիսանում է խոհանոցային դանակ, սառը զենք չի հանդիսանում:
Հաշվի առնելով, որ Գ․ Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները՝ կայացվել է քրեական վարույթը կարճելու որոշում»,- հայտնեցին ՔԿ-ից:
Հայկ Մագոյան