«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները՝ նաև արտարժույթով:
Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանն, անդրադառնալով այս օրենսդրական փոփոխությանը, նշեց, որ տրամաբանությունը հետևյալն է՝ եթե մարդը դոլարով հիպոտեկային վարկ է վերցրել, բայց եկամուտը դրամով է, և հինգ տարի հետո տեղի է ունենում փոխարժեքի այնպիսի տատանում, որ տվյալ անձի՝ դրամով եկամուտը դոլարով արտահայտված արժեզրկվում է, ապա այդ դեպքում անձն իր վարկային պարտավորությունը կատարելիս լուրջ խնդիրների կբախվի․ «Տրամաբանությունն այն է, որ մարդը պետք է վարկ վերցնի այն արժույթով, որով եկամուտներ է ստանում, քանի որ մեր քաղաքացիների եկամուտները հիմնականում դրամով են, հետևաբար, վարկային պարտավորությունները ևս պետք է լինեն դրամով։ Հատկապես երկարաժամկետ վարկի՝ հիպոտեկի մասին է խոսքը»։
Նրա դիտարկմամբ՝ մեծ թիվ չեն կազմում այն քաղաքացիները, որոնք եկամուտներ են ստանում այլ արտարժույթով, և այս համատեքստում պետք է հարմարվեն օրենսդրական կարգավորումներով։ Նրա խոսքով՝ այսպես, թե այնպես բանկերի կողմից սպառողական վարկեր տրամադրվում են միայն ՀՀ դրամով, և հիմա դրան գումարվում է նաև հիպոտեկը․ «Այստեղ պետք է նաև հաշվի առնել, որ դոլարով հիպոտեկային վարկ վերցնողներն էլ մեծ թիվ չեն կազմում, եթե հաշվի առնենք վերջին 3 տարվա ցուցանիշները։ Դրամով հիպոտեկային վարկերի տեմպերը անհամեմատ ավելի մեծ աճ են արձանագրել, քան դոլարով հիպոտեկային վարկերը։ Եվ կարելի է ասել, որ դոլարով հիպոտեկային վարկերի աճի մասին խոսք լինել էլ չի կարող, քանի որ մարդիկ նախընտրում են չօգտվել դոլարով հիպոտեկային վարկավորումից»։
Քթոյանը հիշեցրեց, որ դա վաղուց էր, երբ տոկոսադրույքների միջև մեծ տարբերություն կար․ «Այն ժամանակ դոլարով հիպոտեկային վարկի տոկոսադրույքը անհամեմատ ցածր էր, և մարդիկ դրանով գայթակղվում էին, դոլարով վարկը վերցնում էին, բայց հետո, երբ դրամն արժեզրկվում էր, փաստացի կորուստները շատ ավելին էին լինում, քան տոկոսի մեջ տարբերությունը, որը դրդել էր դոլարով վարկ վերցնել»։
Տնտեսագետը վստահեցրեց՝ օրենքում այս փոփոխությունը եթե չօգնի էլ, հաստատ չի վնասի քաղաքացիներին։
Հայկ Մագոյան