Օրերս Radar Armenia-ն էին դիմել Արարատի մարզի մի խումբ գյուղատնտեսներ՝ դժգոհելով, որ խաղող մթերող ընկերությունները մինչ օրս չեն փոխանցել գումարները։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը 2022թ. հոկտեմբերի 6-ին որոշում էր ընդունել մթերողներին տրամադրվող վարկերի շրջանակներում խաղողի գնման համար առանց գրավի բյուջետային երաշխիքներ տրամադրելու մասին՝ 2022թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը, 3 տարի և 3 ամիս մարման առավելագույն ժամկետով:
Պարզաբանում ստանալու նպատակով դիմել էինք էկոնոմիկայի նախարարություն, որտեղից էլ նշեցին, որ վերամշակող ընկերությունների կողմից 2022 թվականին մթերվել է շուրջ 196 հազար տոննա խաղող․ «Այսօրվա դրությամբ, ըստ տնտեսավարողներից ստացված օպերատիվ տեղեկատվության, մթերված խաղողի արժեքը կազմում է 25,4 մլրդ դրամ, որից վճարվել է 22,8 մլրդ դրամը կամ 89,8%-ը»։
Ըստ գերատեսչության՝ մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ չկատարված պարտավորություններ ունեն 12 ընկերություն, որոնցից 6-ը Արարատի մարզից (Արարատի գինու գործարան, «Վան-777», «Տավինկո», «Շատո Առնո», Պռոշյանի կոնյակի գործարան, «Ագաթատ գոլդ»)։
Նշվում է նաև, որ կառավարության 2019թ․ փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով ներգրավվել է շուրջ 13,5 մլրդ դրամի չափով վարկ, և կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1168-Լ որոշման հիման վրա 8 շահառուի տրամադրվել է բյուջետային երաշխիք՝ շուրջ 5.1 մլրդ դրամի չափով։ «Ծրագրի շրջանակներում ներգրավված վարկերն ամբողջությամբ ուղղվել են մթերված խաղողի արժեքի վճարմանը: Մթերված խաղողի արժեքի մնացած մասը տնտեսավարողները պետք է վճարեն այլ աղբյուրներից կամ սեփական մուտքերի հաշվին՝ գյուղացիական տնտեսությունների հետ կքված պայմանագրերով ամրագրված ժամկետներում»:
Միաժամանակ տեղեկացնում են, որ վերը նշված ծրագիրը հնարավորություն է տալիս տնտեսավարողներին՝ 2022 թվականին մթերված խաղողի դիմաց ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով ընթացիկ տարում ևս ներգրավել վարկեր։
Հայկ Մագոյան