Հասարակություն

«Ես իրապես ամոթով եմ նայում Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ քաղաքականությանը». Աջապահյան

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խորհրդարանական լսումներին հայտարարեց, թե պետք է ավելի շատ խոսք գնար Լաչինի միջանցքի փակման պատճառների մասին. «Բերձորի միջանցքի փակ լինելը մեր դժբախտության կատաստրոֆիկ վիճակի մեկ բաղադրիչն է»։

Ըստ ՀԱԵ թեմի առաջնորդի՝ Լաչինի միջանցքն այն հաղթաթուղթն է, որ Ադրբեջանն օգտագործում է ռազմական նկատառումներով. «Ես իրապես ամոթով եմ նայում Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ քաղաքականությանը և ամաչում, թե ինչ գրագետ են գործում նրանք միասին՝ տասնամյակներ շարունակ, իսկ մենք ապիկար, անտրամաբանական միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել ու տարուբվերվում ենք առավելապաշտության և նվազապաշտության մեջ»։ 

Նրա խոսքով. «Այսօր, երբ ես ուզում եմ գնալ Արցախ, ինձ ադրբեջանցին չի կանգնեցնում, ինձ չի կանգնեցնում նաև ռուսը: Ինձ կանգնեցնում է հայ զինվորը, ասում՝ չես կարող գնալ, ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը»: