Հասարակություն

Գյումրիում տեղի է ունեցել «Բարեկամության այգու» սահադաշտի և Վերնիսաժի պաշտոնական բացումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Բարեկամության այգու» սահադաշտի և Վերնիսաժի պաշտոնական բացմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը, հիմնադրամի, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։

«ՀՀ կառավարությունը կարևորում է Գյումրու զարգացումը, մասնավորապես, շեշտը դնելով զբոսաշրջային, մշակութային, տնտեսական միջավայրի բարելավմանը։ Եվ Բարեկամության այս այգին էլ լինելու է մի ուրույն հանգրվան և գեղեցիկ ժամանցի վայր թե՛ գյումրեցիների, և թե՛ Գյումրի այցելող հյուրերի համար»,- իր ելույթում ասել է Վաչե Տերտերյանը։

Այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։ ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղականտնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ 815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, հանդերձարաններով և գլխապտույտ ոլորաններով։

Վերնիսաժը, որի 25 փայտյա տաղավարները կառուցվել են տեղի արհեստավորների կողմից, կծառայի որպես մշտական ցուցահանդես-տոնավաճառ գյումրեցի վարպետների և արվեստագետների համար՝ նրանց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով։ Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ Այն շուրջ 50 տոկոսով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024-ի ամռանը։