Հասարակություն

2027-ից Հայաստանում բոլորն առողջապահական ապահովագրություն կունենան

ՀՀ կառավարության նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության համակարգի հայեցակարգը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով հայեցակարգը, նշել է, որ դրա կիրառման աշխատանքները կսկսվեն այս տարվանից։ 

Ըստ նրա՝ դա կլինի նախապատրաստական փուլը, երբ կհաստատվեն ծառայությունների փաթեթը, փաթեթի գները և պետության կողմից համաֆինանսավորման չափերը։ Ավանեսյանը տեղեկացրեց, որ 2024թ. պետպատվերի շահառուների խմբերը կհավասարեցվեն, ու նրանց տրամադրվող ծառայությունները կլինեն նույնական. «2024թ կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում ներառել նաև այլ ցանկացողների։

2025թ. պետության կողմից կներառվեն թոշակառուները՝ որպես ևս մեկ կարևոր պաշտպանության խումբ, և նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից։ Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակներում քաղաքացիների ներառումը։ 2027թ. արդեն կունենանք պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթը՝ ամբողջ բնակչության համար»։

Ավանեսյանը նշեց, որ փուլային ներդրումն արդյունավետ կլինի, քանի որ այս ընթացքում նաև առողջապահության համակարգի բարեփոխումներ են արվում, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների բարելավմանը։