Հունվարի 31-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է արտակարգ և լիազոր դեսպանի այցը ՆԳ նախարարություն։ Այնուհետև ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը ազնվիրաբար ծառայող ստորաբաժանումների կայացմանը:
Վահե Ղազարյանն այդ համատեքստում ընդգծել է պարեկային ծառայության կարևորությունը՝ հավելելով, որ այս տարի նախատեսվում է ծառայության ներդրումը հանրապետության ողջ տարածքում։ ՆԳ նախարարը անդրադարձել է նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործություններին և դրանց կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ շեշտելով, որ Քրեական ոստիկանության կազմում ձևավորվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բավական արդյունավետ գործող ստորաբաժանում։
Վահե Ղազարյանը Ջոն Գալագերին շնորհակալություն հայտնելով մինչ այս ցուցաբերած բազմակողմ աջակցության համար՝ հույս է հայտնել, որ այսուհետ ևս Միացյալ Թագավորության դեսպանությունը կաջակցի ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։ Վահե Ղազարյանը շեշտել է, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցությունն ու փորձի փոխանակումն ավելի խորացնելու և առավել բարձր մակարդակի հասցնելու առումով։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահե Ղազարյանին շնորհավորել է ՆԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Այնուհետև արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է Միացյալ Թագավորության դեսպանության կողմից իրականացվող ծրագրերը և գոհունակություն հայտնել ՆԳ նախարարին՝ դրանք կարևորելու և գնահատելու համար։ Ջոն Գալագերը, անդրադառնալով մի շարք ոլորտներում ցուցաբերած թիրախային աջակցությանը, պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը ՆԳ նախարարության հետ հատկապես այն ուղղություններով, որոնք նախարարությունն առաջնահերթ կհամարի։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հյուրերին ներկայացրել է ՆԳ նախարարության կառուցվածքը և հիմնական գործառույթները՝ կարևորելով Միացյալ Թագավորության աջակցությունն ու փոխանցած փորձը Հայաստանի Կառավարությանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, աղետների ռիսկերի կառավարման, փրկարար ծառայության կադրերի մասնագիտական հմտությունների կատարելագործման, կիբերհանցավորության դեմ պայքարի և այլ ոլորտներում։ Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև կարևորագույն այլ ուղղություններ։
ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հյուրերին ներկայացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով նոր ձևավորված տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի կարևորությունը նաև հանցագործությունների կանխման ու բացահայտման առումով։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։