Հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Առավոտյան ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների հատվածում ծառայություն կատարելիս նկատել են, որ քաղաքացու ավտոմեքենան խոտանվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մոտենալով նշված ավտոմեքենային, պարեկները պարզել են, որ ավտոմեքենան տեղափոխելու համար անհրաժեշտ է ավտոքարշակ։
Տեղում պարզվել է նաև, որ ամուսինն իր հղի կնոջը շտապ պետք է տեղափոխեր Երևանի հիվանդանոցներից մեկի ծննդատուն։ Պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայով հղի կնոջը, նրա մայրիկին և ամուսնուն շտապ տեղափոխել են Երևան՝ Հերացու փողոցի վրա գործող բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կինը մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։