Հասարակություն

Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի հյուրանոցների կոմունալ ծախսերը

Ջերմուկում սեպտեմբերյան ռազմական գործողություններից տուժած տնտեսվարողները կառավարության որոշմամբ կոմունալ ծախսերի փոխհատուցում կստանան. աջակցության ծրագիրը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների գործունեության վրա։ Հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը։ Արդյունքում մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների իրացման շրջանառությունը։ Ըստ Քերոբյանի՝ այս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել որոշակի չափով նվազեցնել նշված կազմակերպությունների ֆինանսական բեռը, ինչպես նաև նպաստել մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը։

«Նախագծով առաջարկվում է միանվագ աջակցություն տրամադրել Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներին՝ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100%-ի չափով»,- ասաց Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ դա թույլ կտա, որ ընկերությունները շարունակեն ծառայություն մատուցել՝ առանց որակը նվազեցնելու։

Փոխհատուցում կստանան Ջերմուկում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսվարող։ Գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների, կկազմի մոտ 50-60 մլն դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում։