Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազը մանրամասներ է հայտնել զորամասի հրդեհի առնչությամբ հարուցված գործից

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ Գեղարքունիքում տեղակայված զորամասերից մեկի զորանոցում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով մեկ անձ ձերբակալվել է. «Թույլ տվեք, նախաքննության շահից ելնելով, չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, ում նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են։ Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում զինդատախազի մակարդակով»։

Վարդապետյանն ասաց, որ քննությունն ավարտելու համար սահմանված կոնկրետ ժամկետներ կան, քննարկվում են կոնկրետ անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցերը. «Կան դրա ուղղությամբ ստրատեգիական լուծումներ»։

Ըստ Վարդապետյանի՝ համադրվում են նաև զինվորական կանոնակարգերը՝ հասկանալու, թե ով որտեղ է թերացել իր պարտականությունների կատարման ընթացքում. «23.01.2023թ. զինդատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր կայազորների զինվորական դատախազներին՝ ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն՝ 2020 և 2022թ ռազմական գործողությունների արդյունքում տեղափոխված զորանոցներում տեղակայված զորամիավորումների կենցաղի և կենցաղավարման կանոնների հետ կապված։ Իհարկե, հրշեջ ծառայությունները և հրավտանգ նյութերի հետ աշխատանքն առաջնայնություն է, բայց ցանկի մեջ ներառված են մյուս բոլոր անվտանգային կանոնները ևս, կեցավայրի կահավորման հարցերը, օրինակ՝ ինչո՞վ են ապահովված ծածկերը, կա՞ արդյոք երկրորդ ելք, որ թակարդի էֆեկտ չստեղծվի, ինչպես այս ողբերգության դեպքում ականատես եղանք»։

Վարդապետյանը նաև նշել է, որ այս գործով ստուգվում են բոլոր վարկածները, սակայն հիմնական վարկածը շարունակում է մնալ այն, ինչի մասին արդեն հայտարարվել է. «Հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է, և կարծես թե ունենք ապացույցների բազա, կառավարության նիստի ընթացքում հրապարակված վարկածն է։ Բայց կրկնում եմ՝ բոլոր վարկածների ուղղությամբ քննություն իրականացվում է, որ հետո չհնչեն կասկածներ, թե մենք որևէ մեկը չստուգեցինք»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ կառավարության նիստում հնչած վարկածով որևէ մեկը սահմանափակված կամ կաշկանդված չէ. «Այն, ինչ հնչել է, այդ պահին եղած տեղեկությունների հիման վրա է եղել։ Եթե հանկարծ պարզվի՝ կառավարության նիստում հնչածի 180 աստիճան տարբեր բան է եղել իրականում, դրանով կաշկանդված չենք»։

Հետևեք մեզ Telegram-ում։