Հասարակություն

ՀՀ ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը

Հունվարի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորությամբ։

Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել Եվրամիության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Նա մատնանշել է իրականացվող մի շարք բարեփոխումներ, որոնց իրականացմանն օժանդանելու համար շնորհակալություն է հայտնել հյուրերին։ Ներքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը, որն ուղղված է ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, հարգանքի արժանի և պրոֆեսիոնալ ծառայություններ ունենալուն։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել են Վահե Ղազարյանին Ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է իրականացված աշխատանքները, որոնք ընդգրկում են ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար և միգրացիոն ծառայությունները։ Այս ուղղությամբ կարևորվել է հատկապես ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագիրը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը ներկայացրել է դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի և ICITAP-ի կողմից կատարված աշխատանքները։ Կարևորվել է հատկապես պարեկային ծառայության ստեղծման և կայացման ուղղությամբ համագործակցությունը։

Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանն ու Դավիթ Համբարյանը հյուրերին մանրամասնել են նախարարության կազմավորման և իրենց համակարգման ոլորտներում կատարվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախարարություն և քաղաքացիական հասարակություն կապին ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարարը ընդգծելով քաղհասարակության հետ մշտապես սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն է հայտնել շարունակել այն։

Քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին, բարեփոխումների շարունակականությանը, ծառայություններում կանանց ներգրավվածությանը, Ազգային գվարդիայի կազմավորմանը, կրթական միջավայրի բարելավմանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

 

Հետևեք մեզ Telegram-ում։