Կիրակի, 29 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -2 ℃

Рус Eng

Հայաստան են ժամանել «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները

Հասարակություն

25 Հունվարի, 8:02

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Հայաստան են ժամանել «Շանհայի երեխաները» (Children of Shanghai) նախագծի ներկայացուցիչները, նրանց թվում՝ «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը և Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը։ Վերջիններս առաջիկա օրերին կլինեն Հայաստանում՝ խնամատարության ինստիտուտի գործընթացի վերաբերյալ լավագույն փորձի փոխանակման և Երևանում «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման նպատակով։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախագծի ներկայացուցիչներին նախարարությունում այսօր ընդունել է նախարար Մկրտչյանը։ Ներկայացնելով խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ ԱՍՀՆ կողմից իրականացվող աշխատանքները՝ նախարարը Հայաստանում ֆիլմի հեռարձակումը խնամատարության ինստիտուտի վրա քաղաքացիների ուշադրությունը հրավիրելու ևս մեկ հնարավորություն է համարել։

«Կարևորելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում խնամատարության ինստիտուտի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, խնամատար ծնողների կարողությունների հզորացման ուղղությամբ։ Ուրախ կլինենք ուսումնասիրել նաև Չինաստանի լավագույն փորձը կամ մեթոդները, որոնք առավել կհեշտացնեն խնամատար ընտանիքներում երեխաներին խնամք և դաստիարակություն տրամադրելու գործընթացը»,- նշել է նախարարը։
 
«Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները ներկայացրել են ֆիլմի ստեղծման պատմությունը, որի հիմքում առանց ծնողական խնամքի մնացած շուրջ մեկ միլիոն չինացի երեխաների՝ խնամատար ընտանիքներում ապրելու պատմությունն է։ Վերջիններս նաև մանրամասնել են Չինաստանի խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել իրենց փորձով։
 
Նախագծի ներկայացուցիչները այցելել են նաև Երևանի մանկան տուն, ծանոթացել երեխաներին մատուցվող խնամքի ծառայություններին, շփվել երեխաների հետ։

 

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը