Հասարակություն

Փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի միջև

Օրենքի նախագծի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հունվարի 23-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Համաձայնագրով ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են ապրանքների առեւտուրը, առեւտրի պաշտպանական միջոցները, ապրանքների ծագումը որոշելու կանոնները, առեւտրի տեխնիկական խոչընդոտները, մաքսային համագործակցությունը եւ այլն:

Ըստ Էկոնոմիկայի նախարարի` ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է 12.229 ապրանք, որից 4858-ի մասով նախատեսվում է 0 տոկոս մաքսատուրքի կիրառում համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

Վերոնշյալ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:

Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի դրույթներից, մասնավորապես, ԵԱՏՄ-ի շրջանակում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները` միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: