Հասարակություն

ԿԳՄՍ նախարարը քննարկել է նոր կրթական ծրագրի ներդրման հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Քննարկման առանցքում կրթական նոր ծրագրերի ներդրման, կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերն էին:

«Մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը և պատրաստ ենք քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կողմերն անդրադարձել են բուհերում օդանավակայանների աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտությունների ներդրման, նպատակային կրթաթոշակների տրամադրման հնարավորություններին: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նոր մասնագիտությունների ներդրումն ու արդիականացումը ոչ միայն բուհերում, այլև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Նպատակային կրթաթոշակների տրամադրման ծրագիրը փորձնական է և առաջին անգամ իրականացվելու է Հայաստանում. հաջողելու դեպքում այն կիրականացվի նաև «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ցանցում ընդգրկված ավելի քան հինգ տասնյակ օդանավակայանների համար:

Քննարկվել են նաև մշակութային ժառանգության հարցերի պահպանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ նախարարը ողջունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության և Էռնեկյան ընտանիքի կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում հետաքրքրվածությունը:

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Starmus VI գիտության փառատոնի անցկացման տեղեկատվական աջակցության, մասնավորապես՝ օդանավակայանում իրազեկող վահանակների տեղադրման համար և հույս հայտնել, որ համագործակցության ծրագրերը կընդլայնվեն և կլինեն շարունակական:

Հետևեք մեզ Telegram-ում։