Հասարակություն

ԱԱԾ-ից փոխանցվել է 1862 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 470 քրեական վարույթ

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 2022թ. ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժը։

Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1862 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 470 քրեական վարույթ։

Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 249 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 117-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 92-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 30-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 10-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։      

Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 84 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 45-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 39-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։

Հաշվետու տարում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 1105 քրեական վարույթներ, որից Դեպարտամենտի քննիչների կողմից նախաձեռնվել է 443 քրեական վարույթ, 42-ը անջատվել են այլ վարույթներից, 268-ը ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 278 քրեական վարույթ, 5-ը հարուցվել է տվյալ տարածքը սպասարկող դատախազի կողմից, 1-ը դատախազի կողմից վերադարձվել է լրացուցիչ քննության, իսկ թվով 68 քրեական գործ 2021թ-ից փոխանցվել է 2022թ.: 

Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 79 վարույթ` 116 անձանց նկատմամբ, կարճվել է 129 քրեական վարույթ` 10 անձանց նկատմամբ, կասեցվել է 54 քրեական վարույթ, 435 քրեական վարույթ 105 անձանց վերաբերյալ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 116 վարույթ միացվել է ՔԴ-ում քննվող այլ վարույթների, 292 քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննություն իրականացված քրեական վարույթներով, այդ թվում՝ նախորդ տարիներից փոխանցված վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 34.871.179.017 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 32.144.587.787 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 704.639.069 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանցը` 2.021.952.161 ՀՀ դրամ:

Ընդ որում, նշվածներից, այդ թվում՝ ավարտված վարույթներով, նախաքննության փուլում, վերականգնվել է ընդհանուր 14.351.883.303 ՀՀ դրամ, որից միայն 2022 թվականի ընթացքում ընդհանուր 5.278.456.073 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից` 5.007.884.856 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց` 270.571.217 ՀՀ դրամ:

Հետևեք մեզ Telegram-ում։