Հասարակություն

ԱՆԻՖ-ի տնօրենը մասնակցել է «Աբու Դաբիի կայունության շաբաթ» ֆորումին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել է Աբու Դաբիի կայուն ֆինանսավորման 5-րդ ֆորումի «Ճանապարհ դեպի COP28, ԱՄԷ» շրջանակներում կայացած պանելային քննարկմանը։ Ֆորումն  անցկացվել է Abu Dhabi Global Markets-ում և հյուրընկալվել է Մասդար ընկերության կողմից,  «Աբու Դաբիի կայունության  շաբաթ» կոնֆերանսի շրջանակներում, հունվարի 15-19-ը:

«Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթ»-ը կայունության գլոբալ ամենամյա ֆորում է, որը ներգրավում է շուրջ երեսուն հազար մասնակիցների ավելի քան 100 երկրներից` ներառյալ երկրների ղեկավարների, համաշխարհային բիզնես առաջնորդների և կայուն զարգացման, բնապահպանական, սոցիալական ու կառավարչական (ԲՍԿ) ոլորտի փորձագետների:

Դավիթ Փափազյանը մասնակցել է «Կոնկրետ գործարքների և պրոդուկտների առաջարկը» խորագրով պանելային քննարկմանը, որտեղ ներկայացվել է, թե ինչպես արմատական և մանրակրկիտ գործառնությունները կարող են ազդել ֆինանսական հատվածի վրա՝ կայուն զարգացման խնդիրների ներառման տեսանկյունից:

Պարոն Փափազյանը խոսել է ԱՆԻՖ-ի՝ որպես ազգային սուվերեն ֆոնդի, հայաստանյան ֆինանսական շուկայում կայունության օրակարգի ձևավորմանն աջակցելու դերի մասին։ Մասնավորապես, հիշատակվել է ԱՆԻՖ-ի և Մասդարի համատեղ արևային «Այգ-1» կայանի կառուցման ծրագիրը` որպես Հայաստանի համար դեպի կայուն էներգիայի անցման ուղենիշային ծրագիր։

Ֆորումը բաղկացած է եղել նիստերից և պանելային քննարկումներից, որոնց ընթացքում անդրադարձ է եղել  ֆինանսական վերջին միտումներին, կանոնակարգերին և այլ խնդիրներին, ինչպես նաև`  այս տարվա #COP28-ին, որը կանցկացվի ԱՄԷ-ում:

ԱՆԻՖ-ը հանձնառու է աջակցել հայաստանյան գործարար միջավայրում կայունության օրակարգի ձևավորմանը` ապահովելով հայաստանյան բիզնեսների մրցունակությունը, ինչպես նաև ԲՍԿ պատշաճ չափանիշների ներդրումը։

Հետևեք մեզ Telegram-ում։