Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023

USD393.61

EUR421.64

RUB5.38

Երևան -2 ℃

Рус Eng

Իրանի առաջին տիկինը ողջունել է հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը

Հասարակություն

21 Հունվարի, 21:59

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում անցկացվել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը», որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու, ծրագրերի համակարգող Ստելլա Սարուխանյանը։

Ֆորումի եզրափակիչ լիագումար նիստն անցկացվում էր բոլոր երկրներից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ։ Համագումարի ընթացքում ելույթ է ունեցել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, իր երախտագիտությունը հայտնել համագումարի կազմակերպիչներին՝ ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդային և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիին։

Կանանց դերը և ազդեցությունը պետք է ըստ արժանվույն գնահատել աշխարհի բոլոր երկրներում՝ կրթական, մշակությաին, առողջապահական և այլ ոլորտներում՝ իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը։ Սա կարևոր է նաև խաղաղության դարաշրջան բացելու, ատելությունը հաղթահարելու գործում։

Վարչապետի տիկինը ներկաներին պատմել է նաև 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, ընդգծել, որ դա պատերազմ էր ընդդեմ ազատության, ժողովրդավարության և խաղաղության։ Հիշեցրել, որ պատերազմի օրերին, խաղաղություն հաստատելու համար բաց նամակով դիմել է մի շարք պետությունների առաջին տիկիններին։ Շարունակել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներկայիս իրավիճակը, երբ 120 000 հայ շրջափակման մեջ է և երազում է խաղաղության մասին։ Աննա Հակոբյանը կրկին միասնականության կոչով դիմել է ներկաներին, առաջարկել մեկտեղել ջանքերը։ Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են՝ ասել է վարչապետի տիկինը։

Իր ելույթի վերջում Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ու անցկացնել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։ Եզրափակիչ ելույթով հյուրերին է դիմել համագումարի կազմակերպիչ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան, հույս հայտնել, որ համագումարը կարող է նպաստել կանանց դերի բարձրացմանն ու հզորացմանը, և վստահեցրել, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել կանանց ուժն օգտագործելու ու աշխարհում խաղաղություն հաստատելու համար:

Իրանի առաջին տիկինը ողջունել է հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրորդ համագումարը Հայաստանում կանցկացվի: Համագումարի ավարտին հուշագիր է ստորագրվել, ըստ որի՝ մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։ Ըստ փաստաթղթի՝ պետք է ստեղծվի գենդերային հավասարության հարթակ և ֆոնդ, որտեղ հավաքված գումարը կհանձնվի ամեն տարի անցկացվող փառատոնի հաղթողներին։

Համագումարին մասնակից առաջին տիկինները նաև նամականիշ են մարել և կարևոր ներդրում կատարած ազդեցիկ մի քանի կանանց մրցանակներ են հանձնել։

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը