Հասարակություն

Օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի նոր խաչը

Սահմանամերձ Հայկաձորի միակ սրբատեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչն այսօր օծվել է Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ և հանգրվանել կարմրավուն տուֆի սրբատաշ գմբեթին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ 

«Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժգին քամու հետևանքով։ Բազմաթիվ փորձություններ տեսած, բայց կանգուն մնացած եկեղեցու գմբեթն ու խաչը վնասվել էին դեռ 1990-ականներին՝ կրակոցների պատճառով։ Հայ-թուրքական սահմանին գտնվող եկեղեցին 10-րդ դարի կառույց է, որը ներկայումս գտնվում է սահմանային չեզոք գոտում, և գյուղացիները եկեղեցի կարող են հասնել միայն սահմանապահների հատուկ թույտվության առկայության դեպքում ու նրանց ուղեկցությամբ։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, վարչական ղեկավարի և հայկաձորցիների ջանքերով այսօր սրբավայր համարվող Կարմիր վանքի վրա վեր հառնեց հրաշափառ խաչը, որը կարևոր իրադարձություն էր բոլորիս համար։ Հատուկ շնորհակալություն սահմանապահներին` գործուն աջակցության համար»,- գրել է մարզպետը։

Հետևեք մեզ Telegram-ում։