Հասարակություն

Նախկին պաշտոնյայի որդին կասկածելի փաթեթ է կուլ տվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունվարի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն  իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գիշերը ժամը 02։00-ին Երևանի Բաղրամյան պողոտայում իրականացրել են հատուկ օպերացիա։

Բաղրամյան պողոտայից դեպի ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Հայկ Բ․-ի «յաշիկը» և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան է կուլ տվել, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է ու պարեկները շտապօգնություն են զանգահարել։

Մինչ բժիշկների ժամանումը, պարեկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին է ներկայացրել նրա իրերը, որոնք հայտնաբերվել են հագուստի գրպաններից։ Հայտնաբերվել է թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրը հայտնում է, որ Հայկ Բ․-ի մայրը ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակից է։

Հետևեք մեզ Telegram-ում։