Հասարակություն

Քննարկվել են Արցախի շրջափակման պայմաններում եկեղեցու առաջիկա անելիքները

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի նիստը։ Քննարկվել են Արցախի շրջափակման պայմաններում եկեղեցու կողմից իրականացվող քայլերի, մասնավորաբար՝ իրավական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպես նաև առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:

Զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախահայությունը շարունակում է գտնվել հումանիտար աղետալի իրավիճակում։ Բնապահպանական կեղծ պատճառաբանություններով ոտնահարվում են Արցախի հայերի տեղաշարժի, սնունդ ու բժշկական աջակցություն ստանալու և կենսական մյուս իրավունքները:

Ներկայացվել են ճգնաժամային նման իրավիճակում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ դեռևս դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ հարցի վերաբերյալ մի շարք գրություններով դիմել էր Քույր եկեղեցիների պետերին և միջազգային կառույցներին, որպեսզի իրենց աջակցությունը բերեն արցախահայությանը: Նորին Սրբությունն արձանագրել է, որ Արցախը, մնալով շրջափակման մեջ, կանգնած է լիակատար հումանիտար աղետի առջև։ Ի պատասխան Նորին Սրբության կոչի, արձագանքներ են ստացվել Ռուս Եկեղեցու Պետի, Հռոմի Սրբազան Քահանայապետի, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպական Եկեղեցիների Խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների կողմից:

Միաժամանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի արգելափակման առնչությամբ մի շարք հանդիպումներ է ունեցել պետական, քաղաքական, միջազգային և դիվանագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Նորին Սրբության կողմից շրջաբերական գրություն է ուղղվել նաև Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի առաջնորդներին, առ այն, որ թեմական, համայնքային, ազգային կառույցների ջանքերի համադրմամբ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի խնդիրը բարձրացվի ու ներկայացվի պետական, միջազգային, դիվանագիտական ու մարդասիրական պատկան կառույցների ու կազմակերպությունների առջև:

Զեկույցի ավարտին ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են առաջարկներ, որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում։ Առանձնահատուկ կերպով ընդգծվել է արցախահայերին սննդով և կենսական անհրաժեշտության պարագաներով ապահովելու կարևորությունը:

Վերջում Նորին Սրբությունն, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է ուղղել Մայր Աթոռի պատկան կառույցների ղեկավարներին՝ արձանագրելով, որ Հայոց եկեղեցին հնարավոր բոլոր ջանքերը շարունակելու է գործադրել հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և պաշտպանելու արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Խորհրդակցության ավարտին Վեհափառ Հայրապետն աղոթք է հնչեցրել աշխարհի խաղաղության և Հայաստանի ու Արցախի անվտանգ ու ապահով կյանքի և համայն հայ ժողովրդի բարօրության համար:

Հետևեք մեզ Telegram-ում։