Հասարակություն

Ի՞նչ ազդեցություն է ունեցել հանգստյան և տոնական օրերի կրճատումը Հայաստանի տնտեսության վրա

2021թ․ նոյեմբերին տոների և հիշատակի օրերի մասին օրենքում  փոփոխություններ կատարվեցին, և ոչ աշխատանքային օրեր սահմանվեցին դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ, նաև՝ հունվարի 6-ը։ 

Radar Armenia-ն գրավոր հարցում էր ուղարկել էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե հանգստյան օրերի կրճատումով 2021թ. և 2022թ. պետական բյուջեն որքա՞ն գումար է տնտեսել, և օրենքի այս փոփոխությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա։

Գերատեսչությունից պատասխանել են, որ տոնական և հանգստյան օրերը, ոչ աշխատանքային օրեր լինելու հանգամանքով պայմանավորված, իրենց ազդեցությունն են թողնում ընդհանուր տնտեսական ակտիվության, տնտեսության ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների, արտաքին տնտեսական գործունեության իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների կատարման վրա: «Պետական բյուջեի եկամուտները ձևավորվում են տնտեսական գործունեության արդյունքում, հետևապես, այն պետք է դիտարկել տվյալ տարվա ընթացքում տնտեսության ընդհանուր աճի տեսանկյունից: Վերոգրյալով պայմանավորված՝ գնահատում ենք, որ 2022թ․ հունվարին՝ 2021թ․ հունվարի համեմատ, տնտեսական աճի արագացմանը, ի թիվս այլ գործոնների, նպաստել է նաև կատարված օրենսդրական փոփոխությունը։ Այսպես, համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022թ․ հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.8%, ինչն էականորեն բարձր է 2021թ․ հունվարի (-8.5%) ցուցանիշից։ Ընդ որում, ըստ առանձին ոլորտների՝ ևս արձանագրվել են բարձր աճեր (արդյունաբերություն՝ 16.6% (2021թ. հունվար՝ -10.8%), շինարարություն՝ 3.0% (0.8%), առևտրի շրջանառություն՝ 11.5% (-15,1%), ծառայություններ՝ 21.2% (-10.3% )): Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվարին՝ 2021-ի հունվարի համեմատ, պետբյուջեի եկամուտներն աճել են 10.1%-ով՝ կազմելով 149 մլրդ 666,5 մլն դրամ»:

Նախարարությունից խնդրել էինք նաև համեմատական անցկացնել 2018-2019թթ. հետ՝ ներկայացնելով, թե ինչ պատկեր է առկա՝ հաշվի առնելով, որ տոնական օրերին ակտիվանում էր նաև հյուրանոցային բիզնեսը: 

Պատասխանում ասվում  է, որ այս հարցը դիտարկել են պետբյուջեի եկամուտների տեսանկյունից։ Նշվում է, որ բյուջեի եկամուտները ձևավորվում են ամբողջ տնտեսությունից, հետևաբար, բյուջեի եկամուտների ձևավորումը չի կարող դիտարկվել միայն մեկ գործոնով (մասնավորապես՝ հյուրանոցային տնտեսություն)․ «Ըստ առանձին ոլորտների՝ պետական բյուջեի եկամուտների ցուցանիշներ չեն հրապարակվում։ Միաժամանակ հայտնում ենք, որ, համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022 թվականի հունվարին՝ 2019 թվականի հունվարի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են, համապատասխանաբար, 33.2%-ով, իսկ 2018 թվականի հունվարի համեմատ՝ 2.5 անգամ»:

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։