Հասարակություն

Զինդատախազը մանրամասներ է ներկայացրել զորամասի ողբերգական հրդեհի վերաբերյալ

Ինժեներա-սակրավորային սպան, որն օրվա հերթապահն էր, վառարանի կրակը թեժացնելու նպատակով պլաստմասե տարայում գտնվող 5 լիտրանոց ավտոբենզինը բերել է զորանոց։ Վառարանի մեջ լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, մեխանիկորեն նետել է տարան, որի արդյունքում հրդեհը տարածվել է՝ արգելափակելով մուտքը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը։

Էլիզբարյանը նշել է, որ սպան կոչումով կապիտան է, դեպքի գիշերը եղել է պատասխանատու հերթապահը։

«Սպան ողջ է՝ ծայրահեղ ծանր վիճակով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունն առկա է, սակայն կոնտակտի մեջ մտնելու հնարավորությունը քիչ է, քանի որ դեմքի հատվածում այրվածքներ ունի։ Շինությունում եղել է 21 ժամկետային զինծառայող»,- նշել է նա։ 

Զինդատախազի խոսքով՝ ներկա պահին քննիչներն արդեն 2-3 զինծառայողի հարցաքննել են։ Այժմ փորձաքննությունների փուլն է՝ դատաբժշկական, նյութագիտական, պայթյունատեխնիկական, հրդեհագիտական։ Պայթյունային որևէ բան տեղի չի ունեցել։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված փաստով միանշանակ պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել կամ ոչ պատշաճ են իրականացրել իրենց պարտականությունները»,- նշել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում։