Հասարակություն

Քննարկվել են Սոճենի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության հետ կապված խնդիրները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, մասնագիտական ստորաբաժանումների, Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի, գիտական հատվածի ներկայացուցիչների և անտառագետների մասնակցությամբ քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության հետ կապված խնդիրները։

Հիվանդությունը նկատվել է դեռևս 2017 թվականին: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի:

Այս պրոցեսներին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: Հիվանդության տարածումը շարունակվում է մինչ օրս և տարեց տարի հիվանդության օջախներն ավելանում են: Նախարարի տեղակալը լսել է խնդրի շուրջ մասնագետների կարծիքները, դիտարկումների վերաբերյալ զեկույցներ և խնդրել է առավել սերտ համագործել՝ լուծումներ գտնելու ճանապարհին։

Հետևեք մեզ Telegram-ում։