Հասարակություն

Տեսանյութը հիմք է, թե ինչու Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Ադրբեջանի կողմից իրականացվող մի շարք գործողություններ գուցե առանձին խախտում չհամարվեն, բայց համակցության մեջ դրանց հերթականությունը, դրսևորման ձևը, տևողությունը ակնհայտ խոսում է նրա մասին, որ դրանք մարդու իրավունքների խախտում են. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցն՝ անդրադառնալով երեկ Հայաստանից Արցախ տեղափոխված անչափահասներին ադրբեջանցիների կողմից տեսանկարահանելու և տեսանյութը տարածելու գործողություններին։

Իրավապաշտպանի կարծիքով՝ թե Արցախի, թե Հայաստանի իշխանությունները շրջափակման առաջին օրվանից փայլուն շանս, իսկ հիմա էլ՝ լրացուցիչ խաղաքարտեր են ստացել հերթական անգամ ապացուցելու, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է դրվի շատ խիստ ու սուր։

Նինա Կարապետյանցի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմի գործողությունները կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ, առաջ մղել Արցախի կարգավիճակի հարցը, քանի որ սրանք հերթական առհավատչյան են, որ արցախահայությունը չի կարող մեկ օր անգամ ապրել Ադրբեջանի կազմում. «Ադրբեջանի բոլոր գործողությունները՝ սկսած շրջափակումից, վերջացրած հռետորաբանությամբ, ինչպես նաև արցախցի երեխաների մասնակցությամբ տարածված վերջին տեսանյութը, իրենց համակցության մեջ շատ լավ հիմք են՝ ցույց տալու, թե ինչու Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։