Հասարակություն

Մեքսիկացի պատգամավորների հետ զրույց է ծավալվել հետպատերազմյան իրադրության և Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են հայտնել համագործակցությունն ակտիվացնելու և խորացնելու հարցում:

Զրույց է ծավալվել հետպատերազմյան իրադրության և Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի հայտարարությունն ու Մեքսիկայի դիրքորոշումը: Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատում կայացած հանդիպմանն Ադրբեջան-Մեքսիկա բարեկամական խմբի նախագահի կողմից Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբայովին 2020 թվականի պատերազմում ունեցած հաղթանակի համար շնորհավորելը հակասում է Մեքսիկայի՝ ուժի չկիրառման, բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման և չմիջամտելու պաշտոնական դիրքորոշմանը:

Կողմերը կարևորել են խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Մեքսիկացի գործընկերը նշել է, որ Հայաստանից սովորելու շատ հետաքրքիր բաներ կան՝ հավելելով, որ համատեղ աշխատանքային օրակարգը կհեշտացնի փորձի փոխանակումն ու կակտիվացնի հաղորդակցման արդյունավետությունը:

Հետևեք մեզ Telegram-ում։