Հասարակություն

Արցախից Հայաստան տեղափոխված 28 պացիենտները շարունակում են բուժումը. ԱՆ

Լաչինի միջանցքի փակման ժամանակահատվածում Արցախից Հայաստան տեղափոխված պացիենտները ստանում են իրենց նեղ մասնագիտական բուժօգնությունը։ Այս մասին այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ նշելով, որ մինչ այս պահը 29 քաղաքացի է տեղափոխվել Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկն արդեն դուրս է գրվել, իսկ մյուս 28-ը շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը։

Հիշեցնենք՝ արդեն 36 օր է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է, որի հետևանքով արցախահայությունը հայտնվել է շրջափակման մեջ։ Այս օրերի ընթացքում արցախցիները միայն ծայրահեղ ծանր առողջական խնդիրներով պայմանավորված են կարողացել Հայաստան տեղափոխվել, այն էլ՝ միայն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերով։

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։