Հասարակություն

Ներկայացվել է Արագածոտնում արտադրվող գինիները Նիդերլանդներ արտահանելու հնարավորությունները

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որը մարզում էր աշխատանքային այցով։ Ողջունելով դեսպանին՝ Սերգեյ Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել մարզպետարանի և դեսպանատան համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու, համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու։ Նա նաև ուրախություն է հայտնել այն կապակցությամբ, որ մարզպետարանի և Նիդերլանդների դեսպանության միջև նախորդ տարիներին ևս փոխգործակցություն է եղել։

Խոսելով Արագածոտնի մարզի զբոսաշրջային գրավչության մասին՝ Նիկոլաս Սխերմերսը նշել է, որ ինքը հաճախ է այցելում Արագածոտն՝ վայելելու լեռնային գեղեցկությունը։ Համագործակցության հեռանկարները քննարկելիս երկուստեք ներկայացվել են աշխատանքային առաջնահերթությունները, ուրվագծվել համագործակցության նոր ոլորտները։

Մարզպետը դեսպանի ուշադրությանն է ներկայացրել մարզում առավել մրցունակ ոլորտները՝ գյուղատնտեսության, գինեգործության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության և այլ, որին ի պատասխան, Նիկոլաս Սխերմերսը նշել է, որ նիդերլանդացի զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական գինին և քննարկման է ներկայացրել մարզում արտադրվող գինիները Նիդերլանդներ արտահանելու հնարավորությունները։

Դեսպանն իր խոսքում ընդգծել է՝ Արագածոտնը մեծ ռեսուրսներ ու հեռանկարներ ունեցող մարզ է։ Երկխոսության առանցքային թեմաներից են եղել օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը, հասարակության մեջ կանանց դերի վերաիմաստավորմանը, ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող հարցեր։

Թե՛ մարզպետը, թե՛ դեսպանը կարևորել են նշված թեմաների շրջանակում միջոցառումների իրականացումը։ Հանդիպումն անցել է գործնական քայլերի դիտարկմամբ, փոխգործակցությունն ամրապնդելու վճռականությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում։