Հասարակություն

Անօրինական ներկրված դեղ վաճառելու դեպքում տուգանքը կբարձրանա

Առաջարկվում է Հայաստանում բարձրացնել անօրինական ներկրված դեղ վաճառելու դեպքում տուգանքը։

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ներկայացնելով «Դեղերին մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, նշեց, թե այն ուղղված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելուն. «Նախատեսվում է տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ տեսչական մարմիններ, որպեսզի տեսչական մարմինը հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված և կեղծ դեղերը»։

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է հանել ստուգման համար 3 օրվա նախօրոք ծանուցումը. «Այդ պայմաններում, երբ տեսուչն այցելում է տնտեսվարող, նա համարվում է արդեն իսկ ծանուցված, և այդ հիմքով տեսչական մարմինն իրականացնում է ստուգում»։ 

Փոփոխվում են նաև տուգանքի չափերը։ Գործող օրենքով՝ մինչև 30 փաթեթ անօրինական ներկրված դեղորայք հայտնաբերելու դեպքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով տուգանք, իսկ 30 փաթեթից ավելիի դեպքում՝ երեքհարյուրհիսունապատիկը։ Ըստ պատգամավորի՝ «Փոփոխությամբ նախատեսվում է տուգանքների չափը բարձրացնել։ Մինչև 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում նվազագույն աշխատավարձի հազարապատիկն է առաջարկվում սահմանել, 5 փաթեթից ավելիի դեպքում՝ երկուհազարապատիկը։ Մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու դեպքում լիցենզիան կասեցվում է մինչև 2 ամիս, ևս 1 տարվա ընթացքում ևս մեկ անգամ հայտնաբերելու դեպքում լիցենզիան դադարեցվում է»։