Հասարակություն

«Ճվճվ Արոյի» որդին չի ենթարկվել իրավապահների պահանջին, մեքենայով դիմել է փախուստի և վթարի ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ պարեկային ծառայության Երևանի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում ռուսական համարանիշներով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է՝ չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակներ ստեղծում վարորդների ու հետիոտների համար։

Պարեկները նշված ավտոմեքենան նկատել են Բագրևանդ թաղամասում երթևեկելիս. վարորդը հերթական անգամ չարամտորեն խախտում է թույլ տվել։ Նույն վաշտի պարեկները փորձել են կանգնեցնել «ԲՄՎ»-ն, սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական կանգառ հրահանգին, դիմել է փախուստի։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ պարեկները մոտ 5-6 կմ հետապնդել են, արդեն Մալյան փողոցում «ԲՄՎ»-ն կարմիր լույսի տակով անցել է խաչմերուկը, բախվել՝ բնակչի շինության քարե պարսպին, ապա՝ առաջ ընթացել ու բախվել բետոնե էլեկտրասյանը։ Վարորդը դուրս է եկել ու դիմել փախուստի։ 

Լրատվամիջոցը նշում է, որ պարեկները մոտ 500-600 մետր հետապնդել են նրան ու բռնել։ Պարզվել է, որ վարորդը «Ճվճվ Արոյի» տղան է՝ Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, որը նախկինում եղել է դատապարտված, այդ թվում՝ մահվան ելքով ավտովթարի համար, ինչի հետևանքով 2 ճանապարհային ոստիկան էր մահացել, ինչպես նաև նա հայտնի է քրեական պատմություններով։ 

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0․23 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված։ 

Վերջինս ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։