Հասարակություն

Փետրվարի 15-ից նույնականացման քարտերը տրամադրվելու են առանց էլեկտրոնային պահոցի

Radar Armenia-ն քաղաքացիներից ահազանգեր էր ստացել, որ չեն կարողանում ստանալ նույնականացման քարտեր։ Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ ոստիկանություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ հարցման պատասխանը հրապարակված է ոստիկանության կայքում։

Ստորև ներկայացնում ենք ոստիկանության հայտարարությունը.

«2022 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ են մտնում «Նույնականացման քարտերի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքներում կատարված փոփոխությունները և լրացումները։ Փոփոխությունների արդյունքում՝

- օրենքների ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30.12.2022թ-ից սկսած մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դադարեցվում է ՀՀ քաղաքացիներին բիոմետրիկ անձնագրերի տրամադրումը։ Այդ ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար շարունակվելու է տրամադրվել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ սահմանված անձնագրերը:

- 2023թ-ի փետրվարի 15-ից նույնականացման քարտերը տրամադրվելու են  առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պահոցի նոր բնութագրի սահմանումը։

Այս ընթացքում նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը համարվելու են վավեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

Նշված փոփոխությունների նպատակը պայմանավորված է քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծման և աստիճանաբար հին անձնագրերի և էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինման անհրաժեշտությամբ։

Միաժամանակ, բոլոր այն ոլորտներում, որոնց գործունեությունը կանոնակարգող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն, նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրության փոխարեն քաղաքացիներն իրենց իրավունքները կարող են իրացնել «ԷԿԵՆԳ» ՓԲ ընկերությունից բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն ստանալու եղանակով, իսկ պաշտոնական էլեկտրոնային փոստ ֆիզիկական անձանց կտրամադրվի հանրային ծառայությունների համարանիշ ձեռք բերելու պահից, ինչով պայմանավորված համապատասխան լրացում է կատարվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում»։