Հասարակություն

Արձանագրվել է ձկնորսության օրինախախտման 13 դեպք, հարուցվել է 3 քրեական գործ

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի որոշման միջոցառումների կատարման ընթացքը։ Տեղեկացնում են Գեղարքունիքի  մարզպետարանից։

Խորհրդակցությունը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Կիրակոսյանը, ՀՀ ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ներկայացուցիչ Արայիկ Խաչատրյանը, «Սևան ազգային պարկ»-ի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար Պողոս Մարտիրոսյանը, մարզի համայնքների ղեկավարների տեղակալներ։

Խորհրդակցության մասնակիցները զեկուցել են Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի ընթացքում՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների մասին։

Ըստ զեկուցողների՝ այդ ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 283 համատեղ ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է օրինախախտման 13 դեպք։ Հարուցվել է 3 քրեական գործ։ Լճից դուրս է բերվել 137 ձկնորսական ցանց։ Ստուգայցերն իրականացվել են ջրի վրա, մայրաքաղաքի և մարզի շուկաներում, բնակավայրերում, հսկողություն է իրականացվել մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերում։

Զեկուցողները միաժամանակ շեշտել են, որ, չնայած լայնածավալ ու ամենօրյա միջոցառումների իրականացմանը, դեռևս ապօրինի ձկնոսրության դեպքերը շարունակվում են, որոնք իրենց հերթին սպառնալիք են ստեղծում Սևանա լճում ձկնապաշարի պահպանության ու վերարտադրության համար։ Քննարկման մասնակիցները ևս մեկ անգամ կոչով դիմել են արտոնագրային ձկնորսությամբ զբաղվող անձանց՝ մինչև ձկնորսության արգելքով սահմանված ժամկետը չզբաղվել ապօրինի ձկնորսությամբ։