Հասարակություն

Նախատեսվում է շարունակել անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի վճարների մասնակի փոխհատուցումը

Ձմռան ամիսները հատկապես դժվար են շիրակցի այն ընտանիքների համար, որոնք բնակվում են տնակներում։ Սոցիալական ծանր վիճակին գումարվում են կենցաղային խնդիրները։

«Այսօր այցելել ենք մի քանի բազմազավակ ընտանիքի, ուր ծանր կենսապայմաններին զուգահեռ դրական մթնոլորտը ու ջերմություն կար, իսկ փոքրիկների աչքերում՝ կայտառություն։

Տնայցերի շրջանակներում ընտանիքներին սննդային փաթեթներ և տաք հագուստ ենք փոխանցել, ևս մեկ անգամ ընտանիքների կենսապայմանների ուսումնասիրություն և կարիքների գնահատում է իրականցվել։ Վստահ եմ` համատեղ ջանքերով քայլ առ քայլ այս ընտանիքների խնդիիներն էլ կլուծվեն։ Իսկ մեր հոգածությունն ու ջերմ վերաբերմունքը նրանց հավատ կներշնչի, որ ամեն ինչ լավ է լինելու։

Ի դեպ, Շիրակի մարզպետարանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ այժմ քննարկում է Շիրակի մարզի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում բնակվող, ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականության ապահովման հարցը։ Այս տարի թիրախային են լինելու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող, տնակում բնակվող ընտանիքները»,- հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։