Հասարակություն

Արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման նորագույն սարք` Արյունաբանական կենտրոնում

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» ներկա էին Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցությամբ ձեռքբերված սարքի հանձնման արարողությանը:

«Navios EX» հոսքային ցիտոմետրի շնորհիվ կբարելավվի արյան քաղցկեղի առաջնային ախտորոշումը և մոնիտորինգը, տարեկան ավելի քան 400 պացիենտ լեյկոզների և լիմֆոմաների ճշգրիտ ախտորոշում կունենա: Ցրված սկլերոզով պացիենտները ևս կօգտվեն սարքի հնարավորություններից:

«Ճապոնիայի կառավարության աջակցությամբ կենտրոնում մատուցվող բժշկական ծառայությունները որակապես մեկ մակարդակ կբարձրանան, քաղաքացիները կստանան ավելի ճշգրիտ ախտորոշում: Ճապոնիայի կառավարության աջակցությամբ տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանում, օրինակները շատ են` համավարակի դեմ պայքարից մինչև նոր դասի շտապօգնության մեքենաների նվիրատվությունը: Նպատակը բնակչությանը մատուցվող ծառայությունների հասանելիության և որակի ապահովումն է»,- նշել է Լենա Նանուշյանը:

«Առողջապահությունը ցանկացած երկրի անվտանգությունը երաշխավորող հիմքերից է: Վստահ եմ, որ այս ծրագիրը կնպաստի Հայաստանի` օրեցօր բերլավվող առողջապահական ոլորտի զարգացմանը»,-նշել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորին: