Հասարակություն

Հայաստանի և Բուլղարիայի ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին։ Ընդգծելով հայ-բուլղարական հարաբերությունների կարևորությունը՝ նախարար Մկրտչյանն էական է համարել երկկողմ համագործակցության ուղղությունների ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։

Նախարարի խոսքով՝ երկու երկրների ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որն անհրաժեշտ է օգտագործել բարեփոխումների, այդ թվում՝ ժողովրդագրության, երեխայի խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման, խնամատարության ինստիտուտի զարգացման և մի շարք այլ ուղություններով։

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկապես վերջին շրջանում ակտիվ աշխատում է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել այլ երկրների լավագույն փորձն ու տեղայնացնել այն։

Դեսպան Կալին Անաստասովի խոսքով ևս՝ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները միանման են, ինչը համատեղ աշխատելու լայն հնարավորություն է տալիս։ Դեսպանն առաջարկել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում դիտարկել երկուստեք փորձագիտական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, ինչի իրականացման նպատակով բուլղարական կողմը պատրաստակամ է ունենալ գործուն մասնակցություն։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների, փոխադարձ այցերի ձևաչափով՝ բանավոր պայմանավորվածությունները տեղափոխելով գործնական փուլ։