ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում լրացում կատարեց 2007թ. որոշումներից մեկում, որի նպատակն է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում նախատեսել նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և դրանց հետևանքների վերացման ապահովումը, ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը, դրանց հետևանքների վերացման ապահովումը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ հարցը վերաբերում է բազմաբնակարան շենքերին. «Ունենք իրավիճակ, երբ համայնքի ղեկավարն իրավունք ունի ինքնակամ կառուցված շենք-շինությունների քանդման որոշումներ կայացնել համայնքային հողերի, որոշ դեպքերում՝ պետական սեփականության հողերի վրա։ Մենք օրենքով կարգավորեցինք, այսուհետ ինքնակամ շինություն կառուցել չի կարելի, և քանդման որոշումները հստակ են։ Բայց, ցավոք սրտի, եղել են և կան դեպքեր, երբ ոչ համայնքային հողերի, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերի, սեփականատերերը բնակիչներն են, ոչ թե համայնքը, և նկուղային հատվածներում, մանսարդային, տանիքային հատվածներում իրականացվել կամ իրականացվում են ապօրինի շինարարություն։ Այս նախագծով փորձում ենք կարգավորում տալ, որպեսզի և՛ համատիրությունն ունակ լինի կանխել ապօրինի շինարարությունը, և՛ համայնքի ղեկավարին տանք իրավասություն՝ դրանք քանդելու և թույլ չտալու ընդհանուր տարածքներում նման միջամտություններ»։
Կառավարության որոշման հիմնավորումներում նաև նշված է. «Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցների իրականացումը գերակշիռ դեպքերում ռիսկեր է առաջացնում քաղաքաշինական, սեյսմիկ անվտանգության, հակահրդեհային և այլ նորմերի տեսանկյունից, ուստի, անգամ համատիրության կողմից իր պարտականությունների չկատարման դեպքում, համայնքը հնարավորություն է ունենալու նշված շինությունները քանդել»։