Հասարակություն

Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնամարզական և մարտական ​​առաջադրանքների կատարման ընթացքում օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝  անդրադառնալով Բաքվի քննադատությանը:

«Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ նախկինում և բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումն ապահովելու համատեքստում։ Սակայն, դա տեղեկատվական տարածքում պահանջների չհանգեցրեց։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները։

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ և ուղղված է հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկմանը, և տարբեր հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից բազմիցս արժանացել է բարձր գնահատականի՝ դրանց արդյունավետության համար։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի:

Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում, շարունակեր աշխատանքը՝ պահպանելով խաղաղությունը տարածաշրջանում»,- ասված է հայտարարությունում։