Հասարակություն

Պարտադիր հայտարարագրման ինստիտուտը կներդրվի 2023թ-ից՝ փուլային

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կազմակերպվել է հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկում։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվող համընդհանուր հայտարարագրման համակարգի համատեքստում, գուցե, հայտարարատուների շրջանակում չընդգրկվեն անչափահասները։ Ըստ նրա՝ կառավարությունն այս մասով դեռ վերջնական որոշում կընդունի. «Նախատեսվում է 2023 թվականից սկսած, փուլային սցենարով, ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսում ենք, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ վերջինիս տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, այնուհետ դրանք հայտարարատուի կողմից կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել և արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ»։ 

Խոսելով համակարգի ներդրման նպատակների մասին՝ փոխնախարարը պարզաբանել է, որ երեք հիմնական նպատակներ են արձանագրել. «Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ տվյալների բազայի ստեղծումն է: Երկրորդ խնդիրը սոցիալական բաղադրիչի ամրագրումն է՝ որպես նաև մարդկային կապիտալում կատարվող ներդրումների խրախուսման քաղաքականություն: Երրորդը հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումն է, որի մասին շատ ենք խոսում, կարևորում։ Հիմա կարծում ենք, որ պետք է արդեն գործնականում մեր քայլերն ուղղենք այդ նպատակին»։ 

Նա տեղեկացրել է, որ հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար նախատեսված կլինի պատասխանատվություն: