Հասարակություն

Սանիտարահիգիենիկ խախտումների համար Գյումրիում հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սիփան Մարտիրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և հայտնաբերել սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ չեն կատարվել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները, այն է՝

արտադրությունն ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,

չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը,

արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ:

Հացաբուլկեղենի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները շտկելու համար սահմանվել է ժամկետ: