Հասարակություն

«Պետությունը կանանց հանդեպ բռնության հարցում ունի շատ մեծ պարտավորություն». Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրվան նվիրված պանելային քննարկմանը։ Ավինյանը կարևորել է պետության դերը կանանց դեմ բռնությունը կանխելու հարցում. «Պետությունը կանանց հանդեպ բռնության հարցում ունի շատ մեծ պարտավորություն: Պետք է կամք դրսևորել օրենսդրական դաշտում, սակայն պետք է հասկանալ, որ շատ հարցեր հենց հասարակության ներսում են պարփակված՝ քողարկված ավանդապաշտության կեղծ օրակարգերով»։

Ավինյանը նշել է, որ կնոջ նկատմամբ բռնությունը երբեք ներառված չի եղել հայերի ավանդույթներում. «Դա մտացածին է, դա չի կարող լինել իրականություն մի ժողովրդի համար, որը 20-րդ դարի սկզբում ընդունել է, որ կանայք նույնպես ունեն ընտրության իրավունք, երբ երկրների մեծամասնությունում կանայք ընտրական իրավունք չունեին»։ 

Նա խոսել է սեռով պայմանավորված աբորտների մասին՝ այն որակելով որպես բռնության դրսևորում։ Ըստ Ավինյանի՝ դա ժողովրդագրական սուր խնդիր է. «Ամեն հինգերորդ երեխան չի ծնվում՝ պայմանավորված սեռով։ Մենք զարհուրելի ցուցանիշ ունենք աշխարհում այլ երկրների համեմատ։ Մեկ կամ երկու երկիր կարող են այս հարցում մեզանից անցնել»։