Հասարակություն

Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Երասխ-Հորադիզ երկաթուղու վերակառուցումը. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է «Հայկական խաչմերուկ» ծրագրին՝ որոշ մանրամասներ հայտնելով. «Եթե այն, ինչ երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենը իր տրամաբանությունից չշեղվի, առաջիկայում «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ երկաթուղիների վերականգնման ոլորտում, մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ»:

Փաշինյանն ուրախալի համարեց նման հնարավորութուններ ունենալը. «Այս ծրագրի առնչությամբ, համոզված եմ, միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն: Խոսքը հետևյալի մասին է. ՌԴ նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները: Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է, բայց էլի եմ ասում՝ նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությամբ կիսվել ու ասել, որ դեռևս պետք է այս ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի, բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների խնդիր չենք ունենա»,- նշեց Փաշինյանը: