Հասարակություն

Կանադան ցանկանում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և բարգավաճմանը. դեսպան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 
Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ է ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախարարությունը համակարգում է ոլորտների բավականին լայն շրջանակ՝ նախադպրոցական կրթությունից մինչև սպորտ, և հետևաբար յուրաքանչյուր ընտանիք առնչվում է ԿԳՄՍ նախարարության աշխատանքների հետ:
 
Նախարարն ընդգծել է բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հաստատման հնարավորությունը, մասնավորապես՝ փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով: Վահրամ Դումանյանը կարևորել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսական կրթության ուղղությամբ հայ-կանադական հնարավոր փոխգործակցության հարցերը: