Հասարակություն

«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի լինել հասարակության լիիրավ անդամ». Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է եղել «Ներառումը գործնականում» համաժողովին, որն անցկացվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում։
 
Նազելի Բաղդասարյանը, ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, կարևորել է «Հայկական Կարիտասի» կողմից իրականացվող ծրագրերը, որոնք բերում են դրական փոփոխությունների, մասնավորապես ներառականության ոլորտում․
 
«Շիրակի մարզի 146 դպրոցները համընդհանուր ներառման են անցել դեռ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից։ Այո՛, գործընթացը կա, բայց երբ որ բովանդակային դետալների մեջ խորանում ես, տեսնում ես, որ շատ ու շատ խնդիրներ կան։ Առանձնահատուկ կերպով պետք է ընդգծեմ «Կարիտասի» և մեր մյուս գործընկերների, միջազգային կառույցների ջանքերը, որոնք պետության բեռը վերցնելով՝ շարժվում են առաջ։ Գործընթացը շատ ու շատ խնդիրներ ունի։
 
Չնայած տարվող մեծածավալ աշխատանքին՝ պետք է արձանագրենք, որ խնդիր ունենք՝ բավարար կերպով փորձառություն, մասնագիտացում, էթիկական գիտելիքների պակաս ունեն նաև մանկավարժները, հաջորդ խնդիրը, որին բախվում ենք, հասանելիությունը և մատչելիությունն է։
 
Պետք է արձանագրենք, որ ցանկացած պարագայում շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, և անհրաժեշտություն կա աշխատանքներում ցուցաբերել սրտացավություն, հետևողականություն և ճիշտ վերահսկողություն։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի լինել հասարակության լիարժեք և լիիրավ անդամ, և մենք՝ հանրային իշխանություններս, կոչված ենք այդ իրավունքն ապահովելու, պետությունը դրա երաշխավորն է»,- նշել է մարզպետը: