Հասարակություն

Նախկին պաշտոնյաներից ովքե՞ր են հետախուզման մեջ, որոնց չեն արտահանձնել

Ֆրանսիան մերժել է Հայաստանին՝ արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։ 

Ըստ նույն աղբյուրի՝ դեռ 2020-ից հետախուզվող գործարար Սամվել Մայրապետյանի դեպքում հարցը Գերմանիայի դատական իշխանություններին չի հասել. նրա նկատմամբ հետախուզմանը Գերմանիայի Ինտերպոլի ազգային բյուրոն ընթացք չի տվել։ 

Հիշեցնենք, որ աղմկահարույց քրեական գործերով հետախուզման մեջ են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, որոնց արտահանձնումը ևս տեղի չի ունեցել։

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար հետախուզման մեջ էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Հարությունյանը վաղուց ՌԴ քաղաքացի է։

Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. նա ևս ՌԴ-ում է, Մոսկվայում հրապարակային մասնակցում է տարբեր իրադարձությունների։ Նրան ևս չեն արտահանձնել։

Հետախուզման մեջ է նաև մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որ մեղադրվում էր այդ գործով ապացույցներ կեղծելու մեջ։ Նա 2020թ. մարտին ՌԴ-ում ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել, բայց այդպես էլ նրան չէին վերադարձրել Հայաստան։

Հետախուզման մեջ է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը։ Նրա գտնվելու վայրը եւս հայտնի է. Մինասյանը ՌԴ-ում է։ Նա ևս չի արտահանձնվել։

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ևս հետախուզման մեջ է։ Նա ևս ՌԴ-ում է, և այդ երկրի իրավապահները մերժել են նաև Միհրան Պողոսյանի արտահանձնումը։

Մի շարք մեղադրանքներով հետախուզման մեջ է նաև ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Ավելին, նրա հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է, և դատախազությունը դեռ երկու տարի առաջ դիմել էր՝ պարզաբանումներ ստանալու համար։

Այս ընթացքում արտահանձնվել է երկու հոգի՝ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, և Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը։ Ալրաղացի Լյովիկին արտահանձնել են ռուս իրավապահները, «Ֆրանկլին Գոնսալես» անունով ծպտված Նարեկ Սարգսյանին՝ Չեխիայի իրավապահները։