Հասարակություն

Շտապօգնության ավտոպարկն ամբողջությամբ կհամալրվի նոր մեքենաներով. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Երևանի շտապօգնության ծառայությունն ունենալու է մեքենաների՝ միասնական ստանդարտներին համապատասխան լրակազմ։ Ըստ Ավանեսյանի՝ Երևանում շտապօգնության մեքենաների 53 բրիգադ կա, և ավտոպարկն ամբողջությամբ կհամալրվի նոր մեքենաներով. «Միայն մեքենաները չէ, որ նոր են, այլև բոլոր սարքավորումները։ Այստեղ կան նաև որոշակի ավտոմատ սարքավորումներ, որոնք հեշտացնում են բժիշկների աշխատանքը, խնայում ժամանակը, տալիս պացիենտի առողջական վիճակի մասին ավելի ճշգրիտ ինֆորմացիա։ Եվ այս ամբողջն օգնում է՝ պացիենտին շատ ավելի արագ, անվտանգ պայմաններում բժշկական կենտրոններ հասցնել»։

Անահիտ Ավանեսյանն այս համատեքստում կարևորել է նաև բարեփոխումների արդյունքում բժշկական օգնության որակի բարձրացումը. «Իհարկե, մենք չենք սահմանափակվում միայն ենթակառուցվածքների զարգացմամբ, շեշտը դնում ենք նաև պրոցեսների, բժշկական օգնություն տրամադրող բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումների վրա»։

Ավանեսյանը նաև ասել է, որ շտապօգնության մեքենաների լրակազմի թարմացում իրականացվում է նաև մարզերում. «Մարզերում մենք ավելի շատ ամենագնացների կարիք ունենք»։