Հասարակություն

«Վեթինգ չիրականացնելու հետևանք է». իրավապաշտպանը՝ Մնացական Մարտիրոսյանին հակակոռուպցիոն դատավոր ընտրելու մասին

«Խիստ բացասական եմ գնահատում ԲԴԽ-ի կողմից Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավոր ընտրելը». Radar Armenia-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ նշելով, որ այս ընտրությունն «ապտակ էր հեղափոխություն արած ժողովրդին»։

Իրավապաշտպանի կարծիքով՝ հասարակությունը պետք է արձագանքի կատարվածին, քանի որ Մնացական Մարտիրոսյանը դատական համակարգի ամենաօդիոզ կերպարներից մեկն է. «Հաստատ ինքը չէր, որ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ դերակատարում պիտի ունենար»,- նշեց Կարապետյանցը՝ հավելելով, որ այս ընտրությունը չի տեղավորվում որևէ շրջանակում՝ ոչ բարեփոխումների, ոչ իրավական, ոչ բարոյական. «Սա լյուստրացիա, վեթինգ չիրականացնելու հետևանք է»։

Իրավապաշտպանը հիշեցրեց, թե ինչպես էին ինքն ու իր նման մտածող մարդիկ զգուշացնում, որ վեթինգ չանելու հետևանքները շատ ծանր են լինելու հասարակության ու պետության համար, երբ տարբեր ժամանակներում արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրած անձինք համոզում էին հասարակությանը, որ այն, ինչ իրենք են իրականացնում, դրա արդյունքները երևալու են մի քանի տարի հետո։

«Ես ասում էի, որ հանցավոր ռեժիմը վերադասավորելու է իր ուժերը և, ուղղակի ինքնապաշտպանությունից ելնելով, հարվածներ է սկսելու հասցնել։ Եվ սա հենց այդ հարվածներից մեկն էր, որն ստացավ ժողովուրդը»,- ասաց Նինա Կարապետյանցը։ «Այս ընտրությունը ժողովրդի նկատմամբ նվաստացում է, քանի որ իշխանությունները ոչ մի խնդիր չեն տեսնում օդիոզ դեմքերին պաշտոնների նշանակելուց՝ սկսած Հունան Պողոսյանից ու Օսիպյանից։ Անգամ բառացիորեն հանցավոր անցյալ ունեցող անձանց տարբեր պաշտոններում նշանակելուց ևս ոչ մի խնդիր չեն տեսել, և դա կոչվել է «երկրորդ շանս»՝ առանց հասկանալու, որ այդ շանսը ժողովրդի ասածի նման «սրած մախատի» հետևանք է ունենալու»։

Հայկ Մագոյան