Հասարակություն

Վիրուսի դեմ անտիբիոտիկը չի օգնում. այն պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ

Հայաստանում հակամանրէային դեղերի մասին իրազեկման շաբաթվա շրջանակներում Radar Armenia-ն զրուցել է ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանի հետ։

-Արդյո՞ք Հայաստանում լուրջ խնդիր է հակամանրէային դեղերի օգտագործումը։

-Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում է դա լուրջ խնդիր։ Հայաստանում՝ մի քիչ ավելի շատ։ Մոտավորապես 5 տարի առաջ հակամանրէային դեղերի ձեռքբերումը դարձրեցին դեղատոմսով, ինչպես մյուս երկրներում է։ Բայց մի քանի ամիս անց այդ կարգը սկսեց չգործել։ Նախ, լուրջ խնդիր է, որ ցանկացած մարդ կարող է մոտենալ դեղատուն և ձեռք բերել ոչ միայն հակամանրէային դեղեր, այլև հակասնկայիններ, որը նույնպես պետք է դեղատոմսով ձեռք բերել։ Այստեղ ոչ միայն առանց դեղատոմսի հակամանրէային դեղ ձեռք բերող քաղաքացու խնդիրն է, այլ նաև կախված է դեղագետի, դեղատան աշխատակցի բարեխղճությունից. արդյո՞ք նա կվաճառի այդ դեղը, թե՞ խորհուրդ կտա այցելել բժշկի և միայն դեղատոմսի առկայության դեպքում կվաճառի։ Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, հատկապես՝ կովիդի ժամանակ, երբ մինչև բժշկի դիմելը պացիենտը հակամանրէային դեղ էր օգտագործում։ Եվ միայն հետո էր դիմում բժշկի։ Դրանից մեծ խնդիր չկա, քանի որ անտիբիոտիկի օգտագործումը մեզ խանգարում էր ճիշտ կողմնորոշվել՝ անտիբիոտիկի շնորհի՞վ է փոխվել պացիենտի վիճակը, թե՞ վիճակը կբարելավվեր առանց այդ դեղորայքի։ Հետազոտություններ կան, որ ամբողջ աշխարհում ամեն տարի մոտ 700 հազար մահ է գրանցվում անտիբիոտիակակայուն շտամների պատճառով, և հետազոտողները եկել են այն եզրակացության, որ այս թիվը ավելանալու միտում ունի։

-Ի՞նչ հետևանքեր կարող է ունենալ հակաբիոտիկների չարաշահումը։

-Հակաբիոտիկներ կարելի է խմել միայն բժշկի նշանակման դեպքում։ Հակաբիոտիկների օգտագործումն առաջին հերթին ունի կողմնակի ազդեցություն, ինչպես ցանկացած դեղի դեպքում։ Նախ և առաջ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, փորլուծություն, որը կարող է հանգեցնել երկարատև բուժման։ Տարբեր խմբերի անտիբիոտիկներ սիրտ-անոթային համակարգի վրա կարող են ազդել, ինչպես նաև հոդերի ու մկանների, լյարդի ու երիկամների վրա։ Անտիբիոտիկների մեծամասնությունն ունի կողմնակի լուրջ ազդեցություններ։ Ուղղակի երբ պետք է դա նշանակել, չնշանակելու ռիսկն ավելի շատ է, քան դրա կողմնակի ազդեցության ռիսկը։ Երբ չվերահսկված ձևով օգտագործում են հակաբիոտիկներ, կողմնակի ազդեցությունների ռիսկը ավելի մեծ է։ Հակաբիոտիկների շատ օգտագործման դեպքում օրգանիզմում միկրոբները ձեռք են բերում կայունություն անտիբիոտիկների հանդեպ։ Հետագայում, երբ իրականում անհրաժեշտ է լինում անտիբիոտիկ, այլևս դրանք չեն օգնում մարդուն, և պացիենտին բուժելը դառնում է ավելի դժվար՝ հղի լուրջ բարդություններով։

-Ի՞նչ է պետք անել, որ հակաբիոտիկները մարդիկ չչարաշահեն, սա մասնագետների՞ խնդիրն է, թե՞ նաև քաղաքացիների իրազեկվածության ու գիտակցության հարց է։

-Մասնագետների խնդիրն էլ կա։ Բժիշկների համար բազմաթիվ ուղեցույցներ են մշակվել և դասընթացներ անցկացվել, թե որ դեպքերում պետք է նշանակել անտիբիոտիկներ։ Եվ պարզվում է, որ անգամ կորոնովիրուսային թոքաբորբերի 5-8%-ի դեպքում է պահանջվել անտիբոտիկային բուժում։ Բայց կարելի է ասել, որ համատարած բոլորին նշանակում էին։ Ֆարինգիտների 85%-ը վիրուսային ծագում ունի։ Եվ շատ բժիշկներ, երբ անձը 38.5 ջերմություն ունի, միանգամից անտիբոտիկ են նշանակում՝ այն դեպքում, երբ կարելի է 2-3 օր սպասել, կամ էլ համապատասխան հետազոտություններ անել։ Բայց պետք է նշել, որ պացիենտները պետք է գիտակցեն, որ վիրուսի դեմ անտիբիոտիկը չի օգնում, և ևս մեկ անգամ նշեմ, որ հակաբիոտիկներ պետք է օգտագործել բացառապես բժշկի նշանակման դեպքում, ոչ թե հարևանի կամ մոտակա դեղատան աշխատակցի խորհրդով։ Իսկ, եթե չի գիտակցում, պետք է գործի կարգը, որ դեղատնից առանց դեղատոմսի հնարավոր չլինի ձեռք բերել  հակաբիոտիկներ։ Իսկ դա պետք է հսկի տեսչական մարմինը, որովհետև նախարարությունը կանոնները մշակում է, բայց դրա հսկողությունը տեսչական մարմնի գործառույթն է։ 

-Իսկ այժմ հակաբիոտիկներ ձեռք բերելու համար ի՞նչ կարգ է գործում։

-Թղթի վրա գրված է, որ պետք է հատուկ դեղատոմսերով ձեռք բերել, բայց, ինչպես տեսնում ենք, չի գործում։ Եթե վերահսկողները դեղատներից պահանջեն՝ վաճառված անտիբիոտիկների համար ցույց տալ դեղատոմսերը, այդ ժամանակ դեղատները կսկսեն առանց դեղատոմսի հակաբիոտիկ չվաճառել։

Հայկ Մագոյան