Հասարակություն

Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսական արտադրանքի ինտենսիվացման ուղղությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին։

Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր իմ տեղակալ Արման Խոջոյանի ու ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանի հետ տեսակապով մասնակցել ենք ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին։

Նիստի ընթացքում քննարկել ենք ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության ապահովման ներկա վիճակին, խնդիրներին ու հեռանկարներին, գյուղատնտեսության ոլորտում նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովվածության մակարդակին, ԵԱՏՄ անդամ-երկրներում դաբաղի նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը վերաբերող հարցեր։

Իմ ելույթում նշել եմ, որ ներկայումս մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսական արտադրանքի ինտենսիվացման, արդյունաբերականացման և ծավալների ավելացման ուղղությամբ։ Այդ նպատակով ընդունվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որում ներկայացված են գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետության հիմնական առաջնահերթությունները, սահմանված են առաջնային խնդիրներն ու ռազմավարության իրականացման գործողությունների պլանը»։